Ճանաչենք մեր հերոսներին. «Ասեցի՝ Սարգի՛ս ջան, ի՞նչ ա եղել Նարեկին, ծնկի եկավ, ասեց՝ մա՛մ, ասում են՝ Նարեկը զոհվել ա»․ մայրն ասում է՝ որդին զոհվել է ընկերոջ կյանքը փրկելիս

«Վերջին անգամ Նարեկիս հետ խոսել եմ հոկտեմբերի 31-ին… կարծես ինձ պատրաստում էր», — ձայնը դողում է 43-ամյա Կարինե Բադալյանի մոտ, երբ փորձում է հիշել այդ հեռախոսազրույցը։
«Ասեց՝ մա՛մ, գիտե՞ս՝ տղեդ քանի անգամ ա մահից պրծել… հիմա արդեն պիտի զոհված լիներ»։ Այդ պահին Կարինեն առաջին անգամ լաց է եղել։ Իսկ Նարեկը խիստ, բայց սիրով ասել է. «Լսո՞ւմ ես, մա՛մ, լաց չլինե՛ս… Առավոտ ես քեզ կզանգեմ»։

Այդ զանգը երբեք չեղավ։
Հաջորդ օրը՝ նոյեմբերի 1-ին, Նարեկ Գինոսյանը զոհվեց Մարտունու Կամար դիտակետում։

Նարեկը ընդամենը 19 տարեկան էր։ Ութ ամիս ժամկետային զինծառայող, երբ սկսվեց պատերազմը։ Ծառայել էր Հադրութում, իսկ սեպտեմբերի 23-ին՝ որպես լավագույն զինվոր, ուղարկվել էր Արմավիր՝ սերժանտական կուրսերի։ Բայց պատերազմական լուրը լսելուն պես նա կիսատ թողեց ամեն ինչ։ Ոչ մեկին չասաց։ Ոչ մեկից թույլտվություն չհարցրեց։ Ինքնակամ գնաց Արցախ։

«Մեզանից թաքուն էր արել», — պատմում է մայրը։
«Մտածեցինք՝ իրեն են տարել։ Բայց հետո պարզվեց՝ ասել ա՝ ես էստեղ անելիք չունեմ։ Ստիպողաբար թղթերը ստորագրել ա ու շտապօգնության մեքենայով Հայաստանից գնացել Արցախ»։

Սկզբում Նարեկին տարել էին Խոջալու։ Բայց նա այնտեղ մնացել էր ընդամենը մեկ օր։ Միացել էր հատուկջոկատայիններին ու գնացել ամենաթեժ ուղղությունները՝ դեպի Ջրական։

«Մեզ ասում էր՝ Խոջալու եմ», — ասում է Կարինեն։
«Բայց հենց առաջին օրը, երբ Նուբարաշենի հատուկջոկատային տղաները եկել էին պահեստից զենք ու սնունդ վերցնելու, Նարեկս խնդրել էր՝ ինձ էլ ձեզ հետ տարեք։ Ասել էին՝ մենակ մեզ հետ չգաս, մենք մահապարտների պես ենք գնում, չգիտենք՝ հետ կգանք, թե չէ։ Իսկ Նարեկը ասել էր՝ ես էլ կգամ… Ուրալը նստել էր իրանցից շուտ, ինչ արել էին՝ չէր իջնում»։

Պատերազմի դաշտում Նարեկի արածի մասին ծնողները չեն իմացել։ Իմացել են հետո՝ նրա զինակից ընկերներից։ Որովհետև Նարեկը երբեք չէր պատմում։ Ընդհակառակը՝ զանգում էր, կատակ անում, ծիծաղում, ասում՝ ամեն ինչ լավ է։

«Վճռական էր», — ասում է մայրը։
«Եթե որոշում էր, ոչ մեկը չէր կարող հետ պահել»։

Ջրական գնալն էլ պատահական չէր։ Նարեկն այնտեղ ուներ նպատակ։

Նրա մանկության ընկերը՝ Գուրգենը, այնտեղ էր ծառայել։ Զոհվել էր հենց պատերազմի առաջին օրը։ Դիպուկահար էր։
«Նարեկն ամբողջ պատերազմի ընթացքում ման էր գալիս Գուրգենին գտնելու», — հիշում է մայրը։
«Չէր գտնում, ասում էր՝ մնում ա մի տեղ… էնտեղ էլ կհանդիպենք։ Այսինքն՝ երկնքում»։

Հոկտեմբերի 31-ից հետո Նարեկից լուր չեղավ։ Նոյեմբերի 16-ին Կարինեի ամուսինը մեկնեց որոնողական աշխատանքների։ Այդ ժամանակ են հասկացել, թե Նարեկը որտեղ էր եղել։

«Ասել էին՝ ձեր տղեն, բացի Թալիշից ու «Եղնիկներից», ամեն տեղ եղել ա», — ասում է մայրը։
Ասկերան, Հադրութ, Մարտունի 2 ու 3, Մարտունու գյուղեր, Վարանդա, Ֆիզուլի…

Նոյեմբերի 1-ին Մարտունու Կամարում սկսվել էր թեժ մարտ։
500 հոգանոց ադրբեջանական դիվիզիա էր հարձակվել։ Նարեկը կռվել էր։ Հետո տեղեկություն էր եկել՝ վիրավորներ կան։

Քանի որ ֆիզիկապես շատ պատրաստված էր, նա գնացել էր օգնության։ Հինգ վիրավորի դուրս էր բերել։ Հետո նահանջ էր եղել։ Եվ այդ պահին մեկը գոռացել էր՝ «վիրավոր եմ»։

«Տղաները ասել էին՝ մի՛ գնա», — կսկիծով պատմում է մայրը։
«Ասել էին՝ թուրքերը լցված են։ Բայց Նարեկս ասել էր՝ չեմ կարա չգնամ… թողեմ իմ ընկերը գերի՞ մնա»։

Նա վազել էր։ Վիրավոր ընկերոջը դրել էր մեջքին։ Եվ հենց այդ պահին անօդաչուն հարվածել էր։

Նրա հետևից վազել էր նաև քեռի Կարենը։ Մտածել էր՝ գուցե Նարեկը կենդանի լինի։ Բայց դիպուկահարը խփել էր Կարենի սրտին։ Նա նույնպես զոհվել էր։

Երբ իրավիճակը մեղմացել էր, տղաները գնացել էին Նարեկին դուրս բերելու։
Տեսել էին՝ ժպիտը դեմքին է։

«Մտածել էին՝ կատակ ա անում», — ասում է մայրը։
«Էնքան բնական էր ժպիտը»։

Նոյեմբերի 2-ին ընտանիքին զանգել էր Նարեկի զինակից ընկերը։
Կարինեն հիշում է՝ միջանցքում քարացել էր, երբ լսել էր փոքր տղայի ձայնը հեռախոսում։
«Ասացի՝ Սարգի՛ս ջան, ի՞նչ ա եղել Նարեկին… ծնկի եկավ ու ասաց՝ մա՛մ, ասում են՝ Նարեկը զոհվել ա…»։

Չնայած լուրին, մինչև վերջ հույս էին ունեցել։ Փնտրել էին հիվանդանոցներում, դիահերձարաններում։ Մինչև նոյեմբերի 18-ը, երբ Կարմիր խաչի օգնությամբ Նարեկի մարմինը դուրս էր բերվել չեզոք գոտուց։

Նարեկը բռնցքամարտիկ էր։ Սովորել էր Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, հետո՝ ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում։ Նրա երազանքն էր ծառայությունից հետո Գեղաշենում մարզասրահ բացել ու երեխաներին մարզել։

Այդ երազանքը կատարվեց։ Այսօր Նարեկի մարզիչն է մարզում գյուղի սաներին։

Նարեկը երազում էր նաև տղամարդու հագուստի սրահ ունենալ։ Պատերազմի օրերին հորը ասում էր.
«Պա՛պ, տարածք նայո՞ւմ ես, գամ՝ բիզնեսը դնեմ»։

19 տարեկան տղա էր, բայց հասուն մարդու խելք ուներ։ Մորը միշտ ասում էր.
«Կյանքի իմաստը երկար ապրելու մեջ չի։ Կարևորը՝ իմաստալից կյանքն ա ու լավ անուն թողնելը»։
Հաճախ կրկնում էր. «Ես 18 տարվա կյանք ունեմ»։

Նարեկը հայրենասեր էր ոչ թե խոսքով, այլ գործով։
Պաշտում էր Մոնթեին։ Ապրիլյանից հետո իր հերոսը Աբաջյանն էր։ Մի օր ոգևորված զանգել էր մորը.
«Մա՛մ, գիտե՞ս՝ ում դիրքում եմ… Աբաջյանի»։

Կարինեն՝ որդու հետ։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։
Նարեկ Գինոսյանը հետմահու պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» և Արիության մեդալներով։

Կարինեն այսօր ասում է՝ վիշտը անտանելի է, բայց ինքը իրավունք չունի թուլանալու։

«Եթե իմ 19 տարեկան տղեն վախ չի ունեցել ու մահին ժպտալով ա գնացել, ես էլ չպետք ա թուլանամ։ Ամոթ ա»։

Նարեկը գնաց, բայց իր հետ տարավ լույս։
Մնացին անունը, ժպիտը և ճանապարհը, որ ցույց տվեց՝ ինչ է նշանակում ապրել կարճ, բայց արժանապատիվ։

Արփինե Արզումանյան

Visited 15 times, 1 visit(s) today

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *