50-ամյա Սուսաննա Թորոսյանը ծանր շունչ է քաշում ու ասում է՝ հոկտեմբերի 15-ից իր կյանքը կանգ է առել։ Այդ օրը նա լսեց այն լուրը, որը ոչ մի մայր չի կարող ընդունել․ իր որդին՝ 26-ամյա Արշավիր Թորոսյանը, զոհվել էր հայրենիքի համար մղվող մարտում։ Մի քանի ժամ անց մոր սիրտը պարզապես չդիմացավ ցավին։
«Էդ պահից մեր կյանքը դժոխք ա դարձել… մենք այլևս չենք ապրում, պարզապես գոյատևում ենք»,- արցունքները զսպելով ասում է Սուսաննան։
Արշավիրը զինվորական էր՝ վաշտի հրամանատար, պատասխանատու, խիզախ ու անվախ։ Պատերազմի առաջին իսկ օրից առաջնագծում էր։ Տասնինը օր անընդմեջ Հադրութում կռվել է հակառակորդի դեմ՝ առանց նահանջի, առանց վախի։
Հոկտեմբերի 10-ին, մոր պատմելով, որդին մեծ ճակատամարտ է տվել։ Երկու դիրք հետ է վերցրել թշնամուց։ Նրա հերոսության համար որոշվել էր պարգևատրել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Սակայն պարգևը հասցրին միայն հետմահու հանձնել։
«Իրեն պիտի շքանշանը տային… բայց արդեն ուշ էր…»,- ասում է մայրը։
Հոկտեմբերի 15-ին ԱԹՍ-ի հարվածից Արշավիրը զոհվեց։ Մարտակիցները պատմել են, որ նա մինչև վերջ մտածել է իր զինվորների մասին։
«Ասել ա՝ առաջնահերթ զինվորները հասնեն ծնողներին։ Իր զինվորներից զոհ չի տվել։ Առավոտյան բարձրացել ա վերև՝ հաշվարկ անելու, դիրքերը ճշտելու… ու հենց իր վրա ա ԱԹՍ-ն եկել»,- դառնությամբ պատմում է Սուսաննան։
Մայրն ասում է՝ չէր կարողանում հավատալ։ Նրա որդին հրետանավոր էր՝ գերազանց պատրաստվածությամբ։ Հրաշալի հաշվարկ էր անում, երբեք չէր վրիպում։ Դպրոցն ու ռազմական ինստիտուտը ավարտել էր գերազանց գնահատականներով։
«Ոնց կարար զոհված լիներ… Ինքը իր գործին գերազանց էր տիրապետում։ Երբ զանգեցին ասեցին՝ զոհվել ա, ես չէի հավատում… ասում էի՝ իմ տղան չէր սխալվի…»,- ցավով շշնջում է մայրը։
Արշավիրը ոչ միայն զինվորական էր, այլև մեծ երազանքներով մարդ։ Նա սիրում էր իր մասնագիտությունը, հավատում էր իր ուղուն։
«Ասում էր՝ մինչև գեներալ հասնելու եմ։ Ու ինքը խոսքերով չէր ապրում, գործով էր գնում առաջ։ Հասնելու էր… անպայման հասնելու էր…»,- ասում է մայրը՝ աչքերը լցված հպարտությամբ ու ցավով։
Սակայն նրա մեծությունը միայն ռազմի դաշտում չէր։ 2013 թվականին հոր մահից հետո Արշավիրը դարձավ տան հենարանը։
«Ամուսնուս մահից հետո ինքն ա տան հոգսը քաշել։ Չի թողել, որ իմ գլուխը ցավա։ Էդ տարիքից տղամարդ դարձավ…»,- հիշում է մայրը։
Նա ուշադիր էր, հոգատար, անակնկալներ սիրող։ Տուն էր մտնում վարդերի փունջը ձեռքին, փորձում էր ժպիտ պարգևել մորը։ Նույնիսկ դիրքերից զանգելիս էր մտածում նրա մասին։
«Պոստերից էլ կզանգեր՝ ո՞ւր ես, ի՞նչ ես անում։ Ասում էի՝ խանութում եմ։ Ասում էր՝ քեզ բան ընտրե՞լ ես, գնա առ, փողը կուղարկեմ…»։
Այսօր Սուսաննան ասում է՝ որդու կորուստի հետ հաշտվել հնարավոր չէ։ Ցավը բառերով չի փոխանցվում, կարոտը սահման չունի։
«Ես ամբողջ օրը իր հետ եմ խոսում։ Չեմ կարում ինձ ներեմ, որ ես ապրում եմ՝ ինքը չկա…»։
Արշավիր Թորոսյանը զոհվեց, բայց չհանձնվեց։ Զոհվեց՝ փրկելով իր զինվորներին։ Զոհվեց՝ կատարելով իր պարտքը մինչև վերջ։ Նրա անունը մնաց ոչ միայն շքանշանի վրա, այլ նաև այն մայրերի սրտերում, ովքեր գիտեն՝ իրենց որդիները հերոսաբար կանգնեցին հանուն հայրենիքի։