Ճանաչենք մեր հերոսներին. «Մա՛մ, դու խոսի՛, ուզում եմ միայն ձայնդ լսեմ». Եղեգնուտի եզդի հերոս Ալիկ Խուդոյանի վերջին զանգն ու չկատարված երազանքը

2020 թվականի Արցախյան պատերազմը հազարավոր ընտանիքների կյանք բաժանեց երկու մասի՝ պատերազմից առաջ և պատերազմից հետո։ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի համար այդ ցավը ունի մեկ անուն՝ Ալիկ Խուդոյան։

Նա գյուղի միակ զոհվածն էր, ազգությամբ եզդի երիտասարդ, որը հայրենիքի պաշտպանության համար կանգնեց հայ զինվորների կողքին և մինչև վերջ մնաց իր պարտքի, հավատքի ու ընկերների կողքին։

Ալիկը բանակ էր զորակոչվել 2019 թվականի հունիսի 1-ին։ Վեց ամիս ծառայել էր Արմավիրի ուսումնական զորամասում, ապա տեղափոխվել Ստեփանակերտի զորամաս՝ Կենտրոնական պաշտպանական շրջան, ՑՕՐ։ Նա տանկի մեխանիկ-վարորդ էր՝ լուռ, համեստ, բայց չափազանց պատասխանատու զինվոր։

Պատերազմի օրերին Ալիկ Խուդոյանը մասնակցել է ծանր մարտերի Ջրականում, Վարանդայում, Կարախանբեյլի տեղամասի մոտակայքում, իսկ նոյեմբերի 1-ից՝ Թաղավարդում։ Հենց այնտեղ էլ, նոյեմբերի 8-ին, ընդհատվեց 19-ամյա հերոսի կյանքը։

«Զգում եմ՝ էս իմ վերջին տեղն ա»

Թաղավարդ տեղափոխվելուց հետո զինվորները կանգնել էին ծանր պայմանների առաջ։ Տարածքում խրամատներ գրեթե չկային, և տղաներն իրենք էին փորում իրենց պաշտպանական դիրքերը։ Այդ օրերին Ալիկը ծառայակից ընկերոջը՝ Սերգեյ Հայրապետյանին, ասել էր խոսքեր, որոնք հետո պիտի դառնային սարսափելի կանխազգացում։

«Էդ ընթացքում Ալիկն ինձ ասաց՝ զգում եմ՝ էս իմ վերջին տեղն ա, էստեղ եմ զոհվելու։ Ասեցի՝ հնարավոր չի, որ դու զոհվես, ես էլ պիտի զոհվեմ, բայց ես նման միտք չունեմ։ Պատասխանեց՝ չէ՛, դու տան միակ տղան ես, կենդանի ես մնալու, իսկ ես՝ չէ, իմ զոհվելը հեշտ ա»։

Նոյեմբերի 6-ին Սերգեյի ինքնազգացողությունը վատացել էր։ Ալիկը չի թողել, որ ընկերը մնա վտանգի մեջ․ շտապօգնության մեքենա է գտել և գրեթե ստիպելով նրան ուղարկել թիկունք։ Երկու օր անց Սերգեյը հիվանդանոցում լսել է Ալիկի զոհվելու լուրը։

«Ապշել էի։ Նա իմ ճանաչած ամենահավատքով մարդն էր, շատ ուժեղ քրիստոնեական հավատք ուներ»,- հիշում է Սերգեյը։

Ութ երեխաներից ամենափոքրը, տան ամենասպասված որդին

Ալիկ Խուդոյանը ընտանիքի 8-րդ զավակն էր։ Նա ուներ հինգ եղբայր և երկու քույր։ Եղբայրներից երեքը նույնպես ծառայել էին Արցախում։ Մեծ ընտանիքում Ալիկին առանձնահատուկ էին սիրում։ Նա փոքրն էր, բոլորի աչքի լույսը, այն զավակը, որի հետ ծնողները կապում էին իրենց ծերության հույսը։

Հայրը՝ Մհեր Խուդոյանը, պատմում է, որ Ալիկը առողջական խնդիրներ ուներ․ ողնաշարի հետ կապված բուժում էր ստանում։ Բայց բանակ գնալու հարցում նա հետ չի կանգնել։ Ստուգումների ժամանակ թաքցրել է ցավերը՝ միայն թե իրեն ծառայության անպիտան չհամարեն։

«Ես իր համար մինչև բանակ գնալը անձնագիր էի հանել, որ գնա Ռուսաստան՝ եղբայրների մոտ, բայց ինքը չուզեց։ Ասաց՝ պիտի գնամ բանակ, գամ, որ դրանից հետո ուր էլ գնամ, հանգիստ լինեմ»,- պատմում է հայրը։

Այս խոսքերի մեջ Ալիկի ամբողջ բնավորությունն էր՝ պարտքի զգացում, տղամարդկային լրջություն և ներքին ազնվություն։ Նա կարող էր հեռանալ, փրկվել դժվարություններից, բայց ընտրեց ծառայել։ Ընտրեց կանգնել այնտեղ, որտեղ պետք էր։

Մոր վերջին խոսակցությունը որդու հետ

Մայրը՝ Զոյա Մստոյանը, Ալիկին հիշում է որպես հնազանդ, բարի, աշխատասեր և մեծերին հարգող տղայի։ Եթե գյուղում տեսներ, որ տարիքով մարդը ծանր գործ է անում, անպայման կմոտենար, գործը ձեռքից կվերցներ ու ինքը կաներ։

«Ալիկը շատ հնազանդվող մարդ էր, ծնողներին, եղբայրներին, մեծերին շատ էր հարգում։ Գյուղում իրեն բոլորը սիրում էին, դրա համար էլ, երբ զոհվեց, ողջ գյուղը սգում էր»,- ասում է մայրը։

Պատերազմի օրերին Ալիկը հաճախ էր զանգում տուն։ Երբեք չէր դժգոհում, երբեք չէր պատմում, թե որքան դժվար է։ Հակառակը՝ հարցնում էր ծնողների, քույրերի ու եղբայրների որպիսությունը։ Վերջին զանգը եղել է նոյեմբերի 6-ին։

«Հողամասում գործ էինք անում, Մհերը հեռախոսը բերեց։ Ասեցի՝ խոսի՛, Ալի՛կ ջան, լսում եմ։ Ասեց՝ չէ՛, մա՛մ, դու խոսի՛, ուզում եմ ձենդ լսեմ։ Հետո էլ ասաց՝ բոլորին՝ քույրիկներին, եղբայրներին, ասա թող զանգեն։ Դա մեր վերջին խոսակցությունն էր»,- հիշում է Զոյա Մստոյանը։

Այդ խոսքերը մոր համար դարձան որդուց մնացած ամենաթանկ ձայնը։ Վերջին խնդրանքը՝ լսել մոր ձայնը, այսօր էլ ապրում է ընտանիքի հիշողության մեջ։

Թաղավարդի ծանր մարտերը

Ալիկի ծառայակից Սերգեյ Հայրապետյանը պատմում է, որ հոկտեմբերի 9-ից հետո իրենց վաշտն այլևս տանկ չուներ և փաստացի վերածվել էր հետևակի։ Պատերազմի ընթացքում նրանք մասնակցել են տարբեր ուղղություններով ընթացող ծանր մարտերի, սակայն ամենաինտենսիվ բախումները եղել են Թաղավարդում։

«Մեր վաշտի տրամադրության տակ պատերազմի սկզբին 23 տանկ կար, բայց դրանցից ընդամենը երեքը կարողացան մարտի մեջ մտնել։ Հոկտեմբերի 9-ից արդեն դրանք էլ չունեինք»,- պատմում է Սերգեյը։

Թաղավարդում Ալիկը զոհվել է խրամատում՝ արկի հարվածային ալիքից։ Նա մինչև վերջին պահը եղել է իր ընկերների կողքին, այն նույն դիրքերում, որտեղ օրեր առաջ կարծես կանխազգացել էր իր ճակատագիրը։

Ծնողների անասելի ցավը

Ալիկի զոհվելու լուրը հորը հայտնել է նրա հետ կռվող տղաներից մեկի հայրը։ Այդ զանգը փոխեց Խուդոյանների ընտանիքի կյանքը։

«Զանգեցի Արթուրին, չվերցրեց, հետո ինքը զանգեց, ողբալով ասաց՝ Մհե՛ր, Ալիկը չկա։ Դրանից հետո ոչ մեկի հետ խոսելու սիրտ չեմ ունեցել»,- պատմում է հայրը։

Մհեր Խուդոյանը ասում է, որ որդու մահվան հանգամանքների մեջ շատ չի խորացել։ Չի ցանկացել մեղավորներ փնտրել, որպեսզի սիրտը չլցվի ատելությամբ։ Նրա ցավը լուռ է, ծանր ու հայրական։

«Չգիտեմ, ոչ ոքի չեմ մեղադրում, մտածում եմ՝ գուցե ե՞ս էի մեղավոր»,- ասում է նա։

Մայրը պատերազմի օրերին անդադար աղոթել է։ Նա միայն մեկ բան էր խնդրում՝ որ որդին գերի չընկնի։

«Ես ամեն բանի հետ հաշտ էի, միայն թե ասում էի՝ Տե՛ր, տղաս գերի չընկնի։ Գիշեր-ցերեկ աղոթում էի։ Իրեն էլ ասում էի՝ Ալի՛կ ջան, շատ աղոթի։ Ասում էր՝ մա՛մ, հանգիստ մնա, ես ապահով ձեռքերում եմ»,- պատմում է Զոյա Մստոյանը։

Տուն, որտեղ Ալիկը պիտի ապրեր ծնողների հետ

Խուդոյանների յոթ զավակները ապրում են Ռուսաստանում, Եվրոպայում և Էջմիածնում։ Ծնողների հետ Եղեգնուտի տանը պետք է ապրեր Ալիկը։ Նա էր լինելու այն որդին, որը բանակից վերադառնալուց հետո պիտի մնար ծնողների կողքին։

Ընտանիքը ծրագրում էր Ալիկի ծառայությունից հետո բոլորը միասին մեկնել Ռուսաստան։ Բայց նրա զոհվելուց հետո այդ ծրագրերը կորցրին իրենց իմաստը։ Տունը, որտեղ պիտի հնչեր Ալիկի ձայնը, այսօր լռել է։ Ծնողները այնտեղ ապրում են երկուսով՝ որդու հիշողության հետ։

Հերոս, որին սգաց ամբողջ գյուղը

Եղեգնուտ գյուղից պատերազմին մասնակցել է մոտ քսան մարդ։ Նրանցից վեցը վիրավորվել են, մի քանիսը մինչ օրս բուժում են ստանում։ Իսկ գյուղի միակ զոհը դարձավ Ալիկ Խուդոյանը՝ եզդի երիտասարդը, որի անունը մնաց ոչ միայն ընտանիքի, այլև ամբողջ համայնքի հիշողության մեջ։

19-ամյա Ալիկին հուղարկավորել են Բաղրամյան գյուղի եզդիական գերեզմանատանը։ Նրա շիրմաքարը եղբայրներն իրենք են պատրաստել և Ռուսաստանից բերել Հայաստան։ Այդ քարի վրա ոչ միայն անուն ու տարեթվեր են, այլ մի ամբողջ կյանքի պատմություն՝ կարճ, բայց արժանապատիվ, լուռ, բայց հերոսական։

Հետմահու պարգևներ

Ալիկ Խուդոյանը հետմահու արժանացել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայության» և «Արիության համար» մեդալների։ Պարգևները ընտանիքին հանձնել է անձամբ նրա հրամանատարը։

Բայց Ալիկի ամենամեծ պարգևը նրա անունն է, որը մնաց մաքուր, արժանապատիվ և հերոսական։ Նա գնաց բանակ՝ իր պարտքը կատարելու, և մինչև վերջ հավատարիմ մնաց այդ պարտքին։ Նա իր կյանքի գնով դարձավ այն երիտասարդներից մեկը, որոնց պատմությունները պետք է պատմվեն նորից ու նորից, որպեսզի հիշողությունը չլռի։

Ալիկ Խուդոյանի պատմությունը Եղեգնուտի, նրա ընտանիքի և ողջ Հայաստանի հիշողության մեջ մնալու է որպես հավատքի, խիզախության, որդիական սիրո և հայրենիքի հանդեպ նվիրումի օրինակ։

Visited 6 times, 1 visit(s) today

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *