Մեկ օրվա տարբերությամբ՝ հայրն ու որդին. Փարաքարի ընտանիքի հերոսական պատմությունը
Փարաքարի բնակիչ Ալինա Կարապետյանը արցախյան երկրորդ պատերազմի օրերին մեկ օրվա տարբերությամբ կորցրեց իր կյանքի երկու ամենաթանկ մարդկանց՝ ամուսնուն՝ Էդիկ Կարապետյանին, և որդուն՝ 19-ամյա ժամկետային զինծառայող Արմեն Կարապետյանին։
Այս պատմությունը միայն կորստի մասին չէ։ Սա պատմություն է ընտանիքի, որը տարիներ շարունակ ապրել է հայրենասիրությամբ, և որի տղամարդիկ իրենց կյանքը դրել են հայրենիքի պաշտպանության զոհասեղանին՝ առանց վարանելու, առանց ետ նայելու։
Արմենը ծառայում էր Խնձորեսկում։ Երբ պատերազմը սկսվեց, նրան անմիջապես ուղարկեցին Ջրական։ Մինչ այդ էլ նա իր ջոկատի հետ արդեն այնտեղ էր՝ զորավարժությունների մասնակցելու։ Երիտասարդ զինվորը վարորդ էր։ Նրա ձեռքով էր անցնում զինամթերքը, որը հասնում էր առաջնագիծ՝ կռվող տղաներին։
Հերթական անգամ, երբ Արմենը զինամթերք էր տանում սահման, Ջրականում, հոկտեմբերի 2-ին, ԱԹՍ-ի հարվածից նա զոհվեց։ Նա չվարանեց, չթաքնվեց։ Իր գործն արեց մինչև վերջ՝ որպես զինվոր, որպես որդի, որպես հայրենիքի պաշտպան։

Հոկտեմբերի 3-ին Քարվաճառում զոհվեց նաև Արմենի հայրը՝ Էդիկ Կարապետյանը։ Նա մարդ էր, որի կյանքի ուղին ամբողջությամբ կապված էր պայքարի հետ։ Մասնակցել էր արցախյան առաջին ազատամարտին, վիրավորվել էր, կռվել էր նաև ապրիլյան պատերազմին։ Նրա հետ նույն օրը զոհվեց ևս ութ մարտիկ։
Առաջին պատերազմի ժամանակ էլ Էդիկը կռվել էր հենց Քարվաճառում։ Այդ հողը նրա համար պարզապես ռազմաճակատ չէր՝ այն նրա պայքարի պատմության մի մասն էր։ Նա արժանացել էր բազմաթիվ պարգևների, սակայն իր համար ամենամեծ պարգևը հայրենիքի պաշտպանության պարտքի կատարումն էր։
Տանը մինչ օրս խնամքով պահվում են Էդիկի մաշված-խունացած օրագրերը։ Դրանց էջերին նա գրել է առաջին պատերազմի հուշերը, նշումներ արել, նկարագրել, թե որ ռազմավարական կետերն ու բարձունքներն են գրավել, ինչպես են կռվել։ Այդ օրագրերը դարձել են ոչ միայն ընտանիքի, այլև ժամանակի կենդանի վկաներ։
Ալինան ճակատագրական է համարում իրենց 1988 թվականի ամուսնությունը։ Նրա համոզմամբ՝ հենց այդ օրերից Էդիկը վերջնականապես ընտրեց պայքարի ուղին։ Ուղի, որը ձգվեց տարիների միջով և ավարտվեց հերոսական մահով։
44-օրյա պատերազմից առաջ՝ ամռանը, Էդիկը կնոջը մի քանի անգամ ասել էր, որ պատերազմ է լինելու։ Ասել էր՝ հողերն արդեն հանձնել են։ Նա զգում էր վտանգը։ Բայց երբ պատերազմը սկսվեց, չլսեց հորդորները, որ ինքը վերջին պատերազմում անելիք չունի, որ սա այլ պատերազմ է՝ նոր զինատեսակներով։
Նա գնաց։ Գնաց, որպեսզի լինի իր որդու ու նրա ընկերների կողքին։

«Ո՛չ տղան իմացավ, որ հայրն է զոհվել, ո՛չ էլ հայրն իմացավ, որ տղան է զոհվել»,– պատմում է Ալինան։ ԱԹՍ-ի հարվածից հետո Էդիկը մնացել էր փոսի մեջ։ Փորձել էին վերադառնալ նրան դուրս բերելու, բայց նա թույլ չէր տվել։ Թերևս զգացել էր որդու կորուստը։
Արմենի մարմինը սկզբում չէին տալիս։ Այն Գորիսի դիահերձարանում էր։ Մեծ դժվարությամբ ընտանիքը կարողացավ նրան վերադարձնել։
Պատերազմի օրերին Ալինան Ռուսաստանում էր՝ Անապայում արտագնա աշխատանքի։ Ամուսինն ու որդին զանգելիս վստահեցնում էին՝ ամեն ինչ լավ է, անհանգստանալու կարիք չկա։ Երբ Արմենը զոհվեց, բարեկամները զանգեցին և ասացին, թե վիրավոր է, գտնվում է Գորիսում։
Ալինան վերադարձավ Հայաստան և իմացավ ճշմարտությունը։ Մինչ որոշում էին, թե որտեղ հուղարկավորել որդուն, պարզվեց՝ ամուսինն էլ է զոհվել։
Այսօր հայրն ու որդին հուղարկավորված են «Եռաբլուր» պանթեոնում՝ կողք կողքի, ինչպես կռվել են՝ կողք կողքի։


Ալինան հիշում է՝ ամուսինը դեռ մանկուց երեխաներին կարուսել կամ զբոսայգի տանելու փոխարեն հաճախ «Եռաբլուր» էր տանում։ Այնտեղ էր նրանց մեջ սերմանում հայրենասիրություն, պատմում այնտեղ հուղարկավորված հերոսների մասին։
Եվ այսօր, երբ ընտանիքով գնում են գերեզմաններին, պատմությունն ունի իր խորհրդանշական շարունակությունը։ Երբ մոտենում են Արմենի շիրիմին, փոքրիկ Ռոզին՝ նրանց թոռնուհին, գնում է, չոքում պապի գերեզմանի մոտ և հարցնում.
«Մա՛մ, ինչի՞ որ գնում ենք գերեզմաններ, բոլորը Արմենի մոտ են հավաքվում, պապիկին թողնում են մենակ…»
Այս հարցը երեխայի շուրթերից հնչում է անմեղ, բայց իր մեջ կրում է մի ամբողջ սերունդների ցավը։
Սակայն այս ընտանիքի պատմությունը միայն կորստի պատմություն չէ։ Սա պատմություն է այն մարդկանց մասին, ովքեր ապրեցին այնպես, ինչպես հավատում էին։ Ովքեր իրենց որդիներին սովորեցրին ոչ թե վախենալ, այլ պաշտպանել։
Եվ այսօր նրանց անունները գրված են ոչ միայն «Եռաբլուրի» սպիտակ տապանաքարերին, այլ նաև ժողովրդի հիշողության մեջ։ Որովհետև հայր ու որդի Կարապետյանները մնացին միասին՝ մարտի դաշտում և հավերժության մեջ։