Մհերը չվախեցավ մթությունից․ նա մտավ անտառ՝ վստահ, որ պաշտպանում է Հայրենիքը։
«Մհերը միշտ տարբերվել է իր հասակակիցներից՝ չափազանց հասուն, հավասարակշռված ու ամուր բնավորությամբ։ Նա երբեք չէր ընկրկում դժվարություններից․ նույնիսկ ամենածանր պահին պայքարում էր՝ հաղթելու կամքով», – «Առավոտի» հետ զրույցում պատմում է Արցախյան պատերազմում զոհված Մհեր Խաչատրյանի եղբայրը՝ Պավել Խաչատրյանը։ Մհերը զոհվել է մարտական առաջադրանք կատարելիս՝ հայրենյաց համար։
Նա լիդեր էր՝ ոչ միայն խոսքով, այլ նախ և առաջ գործով։ Մինչ ծառայությունը՝ պատասխանատու էր ամեն գործում, աշխատասեր ու նպատակասլաց։ Իր համարձակությամբ ու հոգատարությամբ սիրվել էր բոլորի կողմից։

«Մհերը մանկուց ուներ զարմանալի խորամտություն։ Ասում էր՝ պիտի ծառայի, որ իր հայրենիքում խաղաղություն լինի։ Այդպես էլ արեց։ Զորակոչվեց 2019 թվականի հուլիսին ու ծառայեց Ասկերանում։ Ամեն ինչ ընթանում էր բնականոն, մինչև եկավ պատերազմի դաժան լուրը», – հիշում է Պավելը։
Եվ հենց այդ պատերազմում Մհերը դարձավ իսկական հերոս։ Զինակիցների հետ կռվել է ադրբեջանա-թուրքական ուժերի դեմ՝ պատվով կատարելով բոլոր առաջադրանքները։ Սակայն պատերազմը նրան խլեց՝ 14-րդ օրը։
«Հոկտեմբերի 11-ի առավոտյան Մհերը զանգեց։ Հույս ու ժպիտ կար ձայնում։ Խոստացավ նորից զանգել։ Բայց երկու օր անց մեզ հասավ սրտաճմլիկ լուրը՝ այլևս չկար…»

Այդ օրը, ինչպես պատմում են զինակիցները, Մհերին ու իր խմբին տեղափոխել են Հադրութ։ Գիշերը հրամանատարի հրամանով մտել են անտառ՝ ոչնչացնելու թշնամու դիվերսիոն խմբերը։ Հենց այդ առաջադրանքի ժամանակ էլ Մհերը վիրավորվել ու զոհվել է՝ ընկերոջը օգնության հասնելիս։
Պավելը պատմում է՝ մի օր զանգել է եղբորը, բայց պատասխանը տվել է նրա ընկերը։ Եվ այդ ընկերոջից է լսել պատմությունը, թե ինչպես էր Մհերը երեք ամսվա զինվորին իջեցրել դիրքերից՝ գնդակից պաշտպանելու համար։ «Նոր է, կռվել չգիտի», – ասել էր։
«Մհերը միայն եղբայր չէր ինձ համար։ Նա ուսուցիչ էր, վահան՝ իմ կյանքի։ Նրա խոսքերն ու խորհուրդները հետս են միշտ։ Հպարտ եմ, որ նա իմ եղբայրն էր։ Նա ապրում է՝ մեր հիշողության ամենաբարձր վայրում», – ասում է Պավելը։
Մհերն ապագայի շատ ծրագրեր ուներ։ Հասցրել էր ընդունվել համալսարան։ Բայց նրա ամենամեծ նպատակը՝ Հայրենիքի խաղաղությունը, մնաց անմար երազ՝ իր կյանքի գնով…