Վերջին գիտական հետազոտությունները ահազանգում են. առօրյա սննդակարգում լայնորեն օգտագործվող սպիտակ հացը, սպիտակ բրինձը, տորթերն ու շաքարային գազավորված ըմպելիքները կարող են զգալիորեն բարձրացնել քաղցկեղի զարգացման ռիսկը հատկապես 50 տարեկանից բարձր մարդկանց մոտ։ Այս մտահոգիչ տվյալներով իսպանական 20minutos-ի հետ կիսվել է Հակենսակի համալսարանի բժշկական կենտրոնի ուռուցքաբան Պրիթի Սուբհեդարը։
Մասնագետի խոսքով՝ այս մթերքները օրգանիզմում առաջացնում են արյան մեջ գլյուկոզի մակարդակի կտրուկ տատանումներ։ Արդյունքում մարմինը ստիպված է մեծ քանակությամբ ինսուլին արտադրել՝ հավասարակշռությունը վերականգնելու համար։ Սակայն եթե ինսուլինի մակարդակը երկար ժամանակ մնում է բարձր, այն կարող է ստեղծել բարենպաստ միջավայր ուռուցքային բջիջների արագ և անվերահսկելի աճի համար։
Սակայն խնդիրը միայն դրանով չի սահմանափակվում։ Մաքրված ածխաջրերով հարուստ սնունդը նպաստում է նաև քրոնիկ բորբոքման առաջացմանը և ավելացնում է ազատ ռադիկալների քանակը։ Այս ագրեսիվ մոլեկուլները վնասում են բջիջները և ԴՆԹ-ն՝ մեծացնելով մուտացիաների և քաղցկեղային գործընթացների հավանականությունը։ Տարիքի հետ օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները թուլանում են, ինչի պատճառով 50 տարեկանից հետո նման ազդեցությունները դառնում են հատկապես վտանգավոր։

Պրիթի Սուբհեդարը շեշտում է, որ քաղցկեղի կանխարգելման գործում սնունդը առանցքային դեր ունի։ Նրա խորհուրդն է ընտրել ամբողջական հացահատիկներ, բազմազան բանջարեղեն և մրգեր, լոբազգիներ, առողջ ճարպեր և նիհար սպիտակուցներ։ Այսպիսի սննդակարգը ոչ միայն նվազեցնում է բորբոքումը, այլև օգնում է պահպանել հորմոնալ հավասարակշռությունը և աջակցում է օրգանիզմի բնական պաշտպանական համակարգին։
👉 Ճիշտ սնունդը տարիքից հետո դառնում է ոչ թե պարզապես առողջ ապրելակերպի ընտրություն, այլ՝ գիտակցված ներդրում սեփական առողջության և կյանքի որակի պահպանման մեջ։