Աբրահամը՝ մեր լույսը, մեր հպարտությունը, մեր հավերժ հիշողությունը…
«Աբրահամը մանկությունից հենց աչքի էր ընկնում իր խոհեմությամբ, ազնվությամբ ու խոր հոգևոր հավասարակշռությամբ», – վառ աչքերով ու միաժամանակ արցունքի եզրին ասում է տիկին Շողիկը՝ հերոսացած զինծառայողի մայրը։ Արձակած յուրաքանչյուր բառի մեջ կարոտ կար, իսկ հիշողության ամեն մի պատառիկի տակ՝ սրտաշարժ սիրո հույզ։
Նա նշում է՝ Աբրահամը յուրահատուկ երեխաներից էր. ընկերասեր, բարի, չափազանց հարգալից բոլորի նկատմամբ։ «Երբ սկսում եմ խոսել որդուս մասին, ներսումս մի ամբողջ աշխարհ է փոթորկվում։ Կարելի է անվերջ պատմել Աբրահամի մասին՝ միայն ամենալավ բառերով, ու դա բնավ մայրական կողմնակալություն չէ։ Նա իրապես այդպիսին էր՝ թե՛ փոքր տարիքում, թե՛ հասուն կյանքում»:
Նա դպրոցում աչքի էր ընկնում իր ունակություններով, հատկապես՝ մաթեմատիկայի հանդեպ սեր ուներ։ «Մի քանի տարի մասնակցեց “Կենգուրու” մրցույթին և մշտապես բարձր միավորներ ստացավ։ Երեք տարի էլ հաճախում էր ֆուտբոլի։ Խելացի էր, ակտիվ ու նպատակասլաց»:
2020 թվականին Աբրահամը ավարտում է դպրոցն ու անմիջապես զորակոչվում բանակ՝ իր հայրենիքի զինվորը դառնալու պատրաստակամությամբ։ Մայրն ասում է՝ կրթությունը շարունակելու մեծ նպատակներ ուներ. ուզում էր ծրագրավորող դառնալ։ Բայց այդ երազանքները մնացին անկատար…
«ԴՕՍԱԱՖ-ում դասերի մասնակցեց, վկայական ստացավ, զորակոչվեց որպես զինվարորդ։ Շատ սիրով գնաց ծառայության, մի տեսակ անհամբերությամբ էլ։ Ասում էր՝ տղան պետք է ծառայի։ Երբեք չտրտնջաց, ոչ մի բանից։ Դա իր բնավորությունն էր՝ համեստ, լուռ ու պարտաճանաչ…»
Նրա ծառայության վայրն էր Մեղրու Ագարակի զորամասը, իսկ երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, տեղափոխվեց Արցախ՝ առաջնագիծ։ «Հոկտեմբերի 3-ից տեղափոխվել էին Ջրական։ Բայց մեզ ոչինչ չէր ասում։ Ամեն օր զանգում էր՝ օրը մի քանի անգամ։ Ասում էր՝ ամեն ինչ լավ է, Մեղրիում ենք, մի անհանգստացեք… Իրականում այդ պահին պատերազմի ամենաթեժ կետում էր՝ առանց ձայն հանելու, առանց մեզ վախեցնելու…»
Հոկտեմբերի 9-ին վերջին անգամ զանգեց մորը. «Ասաց՝ մամ, մեզ տեղափոխում են, գուցե մի քանի օր չկարողանամ զանգել։ Մի խոսքով, ոչ մի բառ՝ ոչ պատերազմի մասին, ոչ էլ վտանգի… Հենց այդ գիշեր էլ՝ հոկտեմբերի 9-ի լույս 10-ին, անօդաչուի հարվածից զոհվեց։ Միայն հետո՝ ընկերներից մեկի միջոցով իմացանք, թե իրականում ինչ է եղել…»
Աբրահամի մահվան մասին ընտանիքը իմացավ հաջորդ օրը։ «Աշտարակից մեր համայնքի ղեկավարին էին տեղեկացրել։ Աբրահամին բերվել էին Աշտարակ, որտեղից մեզ հայտնեցին սարսափելի բոթը։ Տեսանք մեր Աբրահամին՝ դեմքը բաց էր, բեկորային վնասվածքներ էր ստացել գլխին…»
Աբրահամը եղել է Կոշ գյուղի յոթերորդ նահատակված զինվորը։ Երեք քույրերի միակ եղբայրն էր՝ սիրված, պաշտված, լույսը իրենց ընտանիքի մեջ։ «Հիմա իմ աղջիկներն են ինձ ուժ տալիս ապրելու, շարունակելու։ Ապրում եմ հանուն իրենց, հանուն Աբրահամիս հիշատակի… Նա մեր ընտանիքի լույսն էր, ու հիմա այդ լույսը ապրում է մեր սրտերում…»։
Հայրենիքի առաջ ցուցաբերած անձնվիրության համար Աբրահամ Սադոյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի հրամանագրով՝ «Մարտական ծառայություն» մեդալով։ Նա նաև արժանացել է տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից տրված հարգանքի և ճանաչման։ Հուղարկավորված է Կոշ գյուղի պանթեոնում՝ հերոսների կողքին։