Էդմոն Սարգսյան․ ժպիտով քայլող զինվորը, որ դարձավ հերոս
Սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած դաժան հարձակումների հետևանքով անմահացավ 19-ամյա Էդմոն Սարգսյանը՝ Երևանի Հաղթանակ թաղամասից։ Նա ընտանիքի միակ որդին էր, քույր ուներ։ Մանկությունից իր ամեն քայլը տանում էր ժպիտով՝ բարի, վառ ու ապրող ժպիտով, որ մխիթարում էր անգամ ամենադժվար պահին։
Էդմոնը ծնվել էր 2003 թվականի փետրվարի 21-ին։ Սովորել էր Նորիկ Խաչատրյանի անվան թիվ 113 միջնակարգ դպրոցում, այնուհետև ընդունվել էր Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի լուսանկարչության բաժին։ Ունեցել էր մի քանի կիրք՝ լուսանկարչություն, երաժշտություն, կյանք։
«Ժպիտը Էդմոնից երբեք չէր բացակայում։ Ամեն ինչին նայում էր սրտով, հույսով։ Ասում էր՝ մի մտածիր, մեկ է՝ վերջում ամեն ինչ լավ է լինելու…» — պատմում է Էդմոնի հորաքրոջ որդին՝ Վարդան Համբարձումյանը։
Էդմոնը ծառայության էր անցել 2021 թվականի ամռանը։ Ջերմուկի դիրքերում պաշտպանում էր հայրենիքը՝ լի նվիրումով ու պատասխանատվությամբ։
«Ծառայությունից գոհ էր։ Հավեսով, բարությամբ, բոլորի սրտերը գրաված։ Իրենց զորամասում զինվոր չկար, որ Էդմոնին չսիրեր։ Թեև դիրքերում էր, բայց միշտ ուրախ տրամադրություն ուներ…»։

Էդմոնը սրտացավ էր նաև արվեստով։ Ռեփ էր գրում, սիրով կատարում իր ստեղծագործությունները։ Youtube-ում մինչ օրս կան նրա ձայնագրությունները։ Ռեփը նրա հոգու մյուս լեզուն էր։
«3 տարի կլիներ, ինչ ռեփ էր կարդում։ Որոշել էր՝ զորացրվելուց հետո լուսանկարչության հետ զուգահեռ երաժշտության մեջ էլ խորանա»։
Վերջին անգամ Էդմոնը տուն էր եկել քույրիկի հարսանիքին մասնակցելու համար։

«Հարսանիքի համար էր 3 օրով արձակուրդ եկել։ Պետք է նորից գար՝ դիրքերից իջնել-բարձրանալով։ Բայց չհասցրեց…»։
Այդ գիշեր Ջերմուկում, երբ թշնամին սկսեց հարձակումը, Էդմոնը զորամասում էր։ Զինվորները քնած էին։ Թշնամու առաջին հարվածը հասցվել էր հենց կազարմային, որտեղ քնած էին։
«Պայթյուններից արթնացել են, դուրս վազել… ու արդեն ամեն ինչ դրսում է եղել», — պատմում է եղբայրը։

Վարդանը հիշում է վերջին հեռախոսազրույցը․
«Սեպտեմբերի 12-ի առավոտն էր, խոսեցինք մոտ 20 րոպե։ Գիշերը, որ իմացանք՝ կռիվ է, սկսեցինք զանգել, գրավել՝ պատասխանի՛ր… Բայց չէինք հավատում, որ մի բան կարող էր պատահել։ Լույսը բացվեց՝ եկավ սարսափելի լուրը…»։
Էդմոնը հավերժ ամրագրվեց մեր պատմության մեջ՝ որպես հերոս։ Նրա հուղարկավորությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 15-ին՝ Հաղթանակ թաղամասի զինվորական պանթեոնում։
Նա մի կյանք ուներ՝ լեցուն երազներով, և մի ժպիտ, որ հիմա դարձել է հիշատակ՝ ցավոտ, բայց նաև հպարտությամբ լի։
Նա ապրեց կարճ, բայց հերոսաբար։